Պակիստանի նախկին վարչապետը մեղադրվում է ահաբեկչության մեջ

Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ՝ հակաահաբեկչական օրենքը խախտելու համար։ Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ դրա համար առիթ են հանդիսացել ոստիկանության ու դատարանի հասցեին ուղղված նրա սպառնալիքները, որոնք քաղաքական գործիչը, իբր, հնչեցրել է շաբաթ օրը՝ Իսլամաբադում տեղի ունեցած ցույցի ժամանակ։

Ոստիկանության զեկույցում ասվում է, որ քաղաքական գործչի մեկնաբանությունները դիտավորյալ և անօրինական փորձ են՝ վախեցնելու երկրի դատական ​​իշխանություններին և ոստիկանությանը:

Հոդվածում նշվում է, որ Խանն առայժմ ազատության մեջ է։ Հաղորդվում է նաև, որ «Արդարության շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, որը ղեկավարում է Խանը, հրապարակել է նախկին վարչապետի հարյուրավոր կողմնակիցների տեսագրությունը, որոնք շրջապատել են նրա տունը, որպեսզի թույլ չտան ոստիկաններին ձերբակալել Խանին:

Ինչպես նշում է The Guardian-ը, առաջադրված մեղադրանքով Պակիստանի նախկին վարչապետին մի քանի տարվա ազատազրկում է սպառնում։

Ապրիլի 9-ին Իմրան Խանը հեռացվեց վարչապետի պաշտոնից 174 օրենսդիրների հայտնած անվստահության արդյունքում: Նրան մեղադրում էին տնտեսական վատ կառավարման համար: