Առանց պատճառի, առանց որևէ օրենքի խախտման ես չեմ կարող գնալ հայրենի քաղաք, այցելել իմ տուն, ինձ արգելված է նաև այցելել ծնողներիս գերեզման։
Գագիկ Գինոսյան
Հայաստանի պարարավեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը մեկն է նրանցից, որոնց մուտքը Վրաստան արգելված է, իսկ պատճառն անորոշ է։
Akhaltskha.net-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել հարցազրույցների շարք հայրենի քաղաք մուտք գործելու իրավունք չունեցող Ջավախքցիների հետ։
Գագիկ Գինոսյանը ծնվել եւ մեծացել է Ախալցխայում, նրա մանկության եւ երիտասարդության լավագույն հուշերը կապված են հայրենի քաղաքի հետ։ Հայաստանում զբաղվել է պարարվեստով, հիմնել «Կարին» ազգագրական համույթը եւ նվիրվել պարարվեստի զարգացման ու տարածման գործին։ Քաջատեղյակ լինելով պատմությանը մատնանշում է, որ հայ եւ վրաց ժողովիդին մշտապես կապել է ամուր բարեկամական հարաբերությունները եւ նույն թշնամու դեմ պայքարելը։ Թե, ինչպես է արգելվել նրա մուտքը ծննդավայր ներկայացնում ենք Գինոսյանի մեկնաբանությունը։
-Պրն. Գինոսյան ե՞րբ եք վերջին անգամ եղել Վրաատանում։
֊2019 թվականի դեկտեմբերի վերջին այցելել եմ հայրենի Ախալցխա, այնտեղից Հայաստան եմ վերադարձել մայրիկիս հետ։ Ամանորը նշելուց հետո համավարակային սահմանափակումներն սկսվեցին, այնուհետեւ չարաբաստիկ պատերազմը եւ ես մեկնեցի ռազմաճակատ։ Այս ընթացքում մայրս մահացավ, ես չկարողացա թողնել մարտի դաշտը եւ մորս հուղարկավորումը կազմակերպեցին հարազատներս, նրա շիրիմն հանգչում է Ախալցխայում։ Պատերազմից հետո ես փորձում եմ այցի գնալ մորս գերեզման խնկարկելու եւ վրաց֊հայկական սահմանային անցակետում ինձ թույլ չեն տալիս մուտք գործել։ Ներկայացնում են Վրաստան մուտքի արգելքի պատճառ, որտեղ մի քանի կետեր էին նշված, այն պատճառը որով ինձ է արգելվել հստակ չէր, նշված էր այլ պատճառով։ Ես չգիտեմ որն է իմ մեղքը, ինձ ոչ ոք չի մեկնաբանել, թե հստակ ինչո՞ւ չեմ կարող այցելել իմ ծննդավայր։ Մորս շիրիմին այցելելը ինձ համար առավել կարևոր էր, քան որևէ պատճառ, խնդրեցի օրինապահ մարմինների ուղեկցությամբ այցելեմ մորս գերեզմանը խնկարկեմ եւ ետ վերադառնամ, դարձյալ չհամաձայնեցին, թե ինչու՝ չգիտեմ, ոչ էլ բացատրել են։
֊Ի՞նչ քայլերի եք դիմել
֊Քայլեր շատ են եղել, սակայն արդյունք՝ ոչ։ ԿԳՄՍ ֊ի նախարությանն եմ դիմել, պաշտոնական մակարդակում արտաքին գործերի նախարությունն է դիմել համապատասխան գերատեսչությանը, սակայն դարձյալ արդյունք չկա։ Դատական գործ չեմ ուզում, որովհետեւ դատական պրոցեսը Վրաստանում է լինելու, իսկ ես ներկա լինել չեմ կարողանա։ Ախալցխայում հարևաններս ասում են, որ քանդվում է մեր տունը, հայրական տունս քանդվում է եւ չեմ կարող այցելել եւ տեր կանգնել, ամենաշատը կուզենայի այցելել ծնողներիս գերեզման, չգիտեմ երբ կկարողանամ։
Գագիկ Գինոսյանի հետ մեր զրույցի մյուս հատվածը ներկայացնում ենք տեսանյութով։
Խնդրի պարզաբանման վերաբերյալ akhaltskha.net-ը գրավոր դիմում է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ նախարարություն։ Ստացված պատասխանը կներկայացնենք մեր ընթերցողին։
Հաջորդիվ պարբերաբար կներկայացնենք հարցազրույցներ այն մարդկանց հետ, որոնք իրավունք չունեն մուտք գործել Վրաստան, փակ է նրանց տունդարձի ճամփան։