Ախալքալաք քաղաքը 958 տարեկան է (Photo)

Այսօր՝ սեպտեմբի 3֊ին Ախալքալաքի կենտրոնական այգում մեծ շուքով նշվեց քաղաքի տոնը։

Քաղաքի կենտրոնական զբոսայգին վաղ առավոտվանից մարդաշատ էր եւ զարդարված դրոշներով, փուչիկներով եւ տարաբնույթ  ֆոտոզոնաներով։ Ախալքալաքի քաղաքապետարանը գրեթե 20 000 լարի էր հատկացրել օրվա տոնակատարությունների համար։

Քաղաքի կենտրոնական այգու հարակից տարածքում տարբեր տաղավարներ էին, որտեղ ներկայացված էր գեղարվեստական եւ դեկորատիվ արվեստի նմուշներ, տաղավարները ներկայացրել էին Ախալքալաքի տարբեր կրթական հաստատություններ։

Շրջանային ժողովի շենքի դիմաց Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական համայնքները ներկայացրել էին ավանդական ուտեստներ։

Տոնական միջոցառումների մեկնարկը տվեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նա հանդես եկավ վրացերեն եւ հայերեն խոսքով, շնորհավորեց Ախալքալաքի եւ քաղաքացիների տոնը, մաղթեց առաջընթաց բոլոր ոլորտներում։

Այնուհետեւ համառոտ ակնարկով ներկայացվեց Ախալքալաք քաղաքի պատմությունը։ Ախալքալաքի մշակույթի տան համույթները հանդես եկան երաժշտական եւ պարային համարներով։ Համերգին մասնակցում էին նաև գյուղական համայնքների համույթները։

Տոնական միջոցառումը ժամը 16։00֊ից հետո շարունակեցին Հայաստանից ժամանած արտիստները, որոնց թվում էին Մավր Մկրտչյանը, Մասիս Հունանյանը, Եվա Եգանյանը։

Ժամը 18։00֊ից բարձր տրամադրությունն ապահովեց DJ-ը, իսկ 20։30֊ին տեղի ունեցավ հրավառություն։

Նշենք, որ Ախալքալաքի տոնը 3֊րդ անգամն է, որ նշվում է մեծ շուքով, նախորդ տարիներին համավարակով պայմանավորված տոնակատարություն տեղի չէր ունեցել։