Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանրաքվեներ անցկացնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ

Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու համար Եվրամիության երկրները նոր պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Կշարունակենք աջակցել Ուկրաինային, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական մատակարարումներով»,- ընդգծել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում արտահերթ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի և ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հանրաքվեների արդյունքներին աջակցելու մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Բորելը հավելել է՝ չնայած Կիևի հետ համերաշխությանը, ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը և պատերազմի անմիջական մասնակից դառնալ։