Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կետրին Կոլոնան աշխատանքային այցով Կիևում է։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և երբեք չի ճանաչի Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքները:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը համապատասխան պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ: Նա նշել է, որ կշարունակեն Կիևին տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնությունը նույնիսկ հակամարտության ավարտից հետո:

Կոլոնան նաև քննադատել է Ռուսաստանում մասնակի զորահավաքը և միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան իր հերթին զգուշացրել է՝ ռուսական կողմի որոշումները որևէ ազդեցություն չեն ունենա մարտի դաշտում Ուկրաինայի քաղաքականության և գործողությունների վրա: «Ռուսաստանը չի ցանկանում բանակցել: Դա անհնար է հենց նրանց դիրքորոշման պատճառով»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը: