ՆԱՏՕ-ն արձագանքել է դաշինքին արագացված կարգով Ուկրաինայի միանալու դիմումին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Դաշինքին միանալու Կիևի նախաձեռնությանը: Կառույցի դռները բաց են Ուկրաինայի առաջ, սակայն այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է այդ երկրի տարածքը լայնածավալ ներխուժումից պաշտպանելու վրա՝ ասել է Ենս Ստոլտենբերգը: Նա նաև հիշեցրել է՝ որ ՆԱՏՕ նոր անդամ ընդունելու հստակ ընթացակարգ կա, այդ որոշումը կայացնում են դաշինքի 30 անդամները։

«ՆԱՏՕ-ն Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը երբեք չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս»,- ընդգծել է Ստոլտենբերգը, հավելել՝ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան երկիր, եթե դադարեցնի պայքարը։

ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով միանալու Կիևի դիմումը նման է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության մեջ մտնելու հրավերի՝ հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա զգուշացրել է՝ այժմ Կիևը մեկ տարբերակ ունի՝ վայր դնել զենքն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ ստորագրել է ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի միանալու դիմումը։ Նրա համոզմամբ՝ Կիևը փաստացի դաշինքի անդամ է, «դե ֆակտո անցել է դեպի Դաշինք իր ճանապարհը» և լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին, որն անցկացվել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկելու համաձայնագրերի ստորագրման ֆոնին: Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի իր բնորոշմամբ՝ օկուպացված տարածքները: Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ, սակայն ոչ՝ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում։