Նեղլիկ ճանապարհի վերջում մառախլապատ լեռներն են երևում. Աբուլ-Սամսարյան լեռնաշղթան է, որի փեշերին գյուղեր են ծվարած։
Հեռվում՝ ճամփեզրին պարսպապատ վայր է։ Խոշոր քարերով շարված պատը երբեմնի հզոր համալիր լինելու մասին է վկայում։
Ներս ենք մտնում եւ դեռ պարսպի մոտից երևում է եկեղեցին, որից շատ քիչ բան է պահպանված։ Սա Մեղրեկ կոչվող համալիրն է, որը Վրաստանի մշակությանին ժառանգության հուշարձան է համարվում։ Եկեղեցին տարբեր աղբյուրներում թվագրվում է X-XII դարերով։
Շարունակում ենք ճանապարհը, առջևում մունիցիպալիտետի վերջին գյուղերն են Մեծ եւ Փոքր Սամսարները։
Գյուղերի ճամփաբաժնում մեկ այլ կոթող է՝ ժայռափոր համալիր։ Այս համալիրը պատմական տարբեր աղբյուրբերում թվագրվում է 11֊12֊րդ դարերով։
ժայռափոր կոթողը Վրաստանի լավագույն տեսարժան վայրերից է։ Խորհրդավոր այս համալիրի մասին տարածքի բնակիչները պատմում են, որ գետնուղի կա, որը հասցնում է դեպի լեռները, սակայն այսօր գետնուղու ճանապարհը փակ է։
Սամվել Կարապետյանը «Ջավախք» գրքում գրում է.
Սամսար քաղաքատեղին գտնվում է գյուղի հյուսիսային եզրինՄեծ և Փոքր Սամսարները միմյանցից բաժանող Մեղրեկ վտակի ոչ խորը կիրճում:
տեղակայված ձորակի երկու կողմերը
Պահպանված գրեթե բոլոր շինությունները ժայռափոր են
երիզող ժայռերի մեջ:
«Խաչ-Մաղարա» եկեղեցին բաղկացած է վիմափոր եկեղեցուց և դրան արևմուտքից կից գավթից:
Մուտքը գավթի կենտրոնական մասում գտնվող անցքն է: Լուսամուտները (3 հատ) նայում են դեպի
հյուսիս: Գավթից բացված երկու երկար միջանցքների ուր հասնելը չհաջողվեց պարզել (դրանք ավե-
լի շուտ գաղտնուղու նմանություն ունեն): Հիմնական մուտքը 4-5 մ ցածր է և խողովակաձև փորվածքի միջով դուրս է գալիս գավթի մեջ: Եկեղեցին ու
գավիթը միասին ունեն 9 մ երկարություն: Աչքի է
ընկնում հայ-առաքելական եկեղեցիներից հայ֊քաղկեդոնական եկեղեցիներին փոխանցված եկեղեցու բարձր բեմը: Հարդարանքը զուսպ է, արձանագրություններ չկան: Ներքին երկարությունը
գավթի հետ միասին 8,90 մ է, գավթի լայնությունը`
4,25 մ: ԺԱ-ԺԲ դարերի գործ է:
Համալիրից քիչ հեռու Մեծ Սամսար գյուղն է։ Աշունը գյուղում բերքահավաքի ակտիվ շրջանն է եւ հազվադեպ ենք մարդկանց հանդիպում, քանի որ զբաղված են դաշտերում։
Գյուղի համը
Մարդիկ, որոնց առաջինը հանդիպեցինք խարույկի վրա ջեմ էին պատրաստում։
«Գյուղացի կնոջ կյանքը հեշտ չէ, առավոտ արևից շուտ արթնանում ու սկսում ենք գործ անել, նախ անասուններով զբաղվում, հետո տան գործեր, հետո դաշտի գործեր, մի կողմից էլ պատրաստվում ենք ձմեռվա համար»,_ ջավախքյան ավանդական ջեմը խառնելով պատմում է Աղավնի Բոզոյանը։
Փլվըրը (ջեմը) Ջավախքի ավանդական խոհանոցի անբաժան ուտեստներից է, այն պատրաստվում է թթու սալորից։ Ջավախքի տանտիկինները նախընտրում են փլվըրը եփել խարույկի կրակի վրա։
Քանի որ կարծում են սարերի քամին եւ կրակի ծուխը փլվըրի համի գրավականն են։
Մանկությունը գյուղում
Կրակի վրա եռացող փլվըրի հոտը տարածվում է ամբողջ թաղով, որտեղ անհոգ իրենց մանկությունն են վայելում երեխաները։
Լուսինեն եւ Լիլիթը քույրեր են, դպրոցից բացի գյուղում այլ վայր չկա, որ գնան։ Հեռուստացույց են նայում, սիրում են խաղալ եւ երգել։ Լիլիթը դահուկների մասին է երգում, մեծերը կատակում են՝ գյուղում 9 ամիս ձմեռ է, երեխաներին դահուկն ու սահնակն է հետաքրքրում։
Մինչև Լուսինեն խնամքով հյուսում էր փոքր քրոջ վարսերը, ոչ շատ հեռվում գտնվող աղբյուրի կարկաչին խառնվեց մանկան անհոգ ծիծաղի ձայնը։ Առաջին դասարան նոր ընդունված Ռուբենը ավագ քրոջ հետ եկել էր ջուր տանելու։ Ավելի ճիշտ՝ փոքրիկն անկեղծացավ, ոչ թե ինքն է որոշել գալ, այլ իրեն ուղարկել են։
Փորձում ենք զրուցել նրանց հետ. 6 ամյա տղան մոտ 5լ տարողությամբ շշի մեջ սառն աղբյուրից ջուրը լցրել եւ ուսին է դրել, ասում է, որ չի մրսում։ Երեխաները վստահ են, իրենք մեծ գործ են անում եւ կարողանում են օգնել մեծերին, ոչ միայն ջուր տանելով, այլ նաև կարտոֆիլ են հավաքելով։ Փոքրիկ Ռուբենին հարցնում ենք, թե ի՞նչ երազանք ունի, տղան երկար է մտածում, այնուհետեւ ծիծաղով ասում, որ ինքը չգիտի, թե երազանքն ինչ է… Բազմակետերը լրացնում են քրոջ հուշումը, թե ասա՛՝ ի՞նչ ես ուզում ունենալ, փոքրիկ տղան շարունակում է, որ ինքը չգիտի ինչ է ուզում ունենալ, սակայն գիտի ինչ կարող է անել. օրինակ տրակտոր եւ մեքենա վարել ինքնուրույն։ Այնուհետեւ քույր ու եղբայր բողոքում են, որ իրենք պարապ չեն մեր հարցերին պատասխանելու համար եւ ծիծաղով վազում դեպի դաշտերը, որտեղ սպասում են ծարավ մարդիկ… ծարավ եւ զբաղված, որ նույնիսկ երազելու ժամանակ չունեն։
Սերը գյուղում
Քարե ցածր պատի վրա նստել է Արտյուշ պապը եւ նայում է մարդկանց, ովքեր բան ու գործ թողած՝ երեխաների հետ են զրույց անում։
Մոտենում ենք նրան, փորձում է հասկանալ՝ արդյո՞ք ծանոթ ենք, զարմանում է՝ գյուղում ի՞նչն է հետաքրքիր, որ նկարում եք։ Հասկանալով, որ մեզ ինքն է հետաքրքիր սկսկում է պատմել վաղ երիտասարդությունից, երբ խոտհնձի մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել գումար եւ այլ նվերներ ստացել։ Հիշում է մասնագիտությունը՝ էլեկտրիկ, երկար ժամանակ է աշխատել, մինչ հոսանքահարվել է եւ այլեւս ի վիճակի չի եղել աշխատելու։ Անցած գնացած օրերի մասին Արտյուշ պապը սիրով ու կարոտով է պատմում, այսօրվա մասին դժվարանում է խոսել. -ապրում ենք էլի,-ասում է նա, այնուհետեւ լռում, աչքերում թախիծ հավաքում, խորը շունչ քաշում եւ ասում, որ ինքն հիմա մենակ է, ապրում է որդու ընտանիքի հետ, սակայն կիսատ է զգում, քանի որ մահացել է կինը, նա ով իրեն միշտ լրացրել ու թեւեր է տվել։
Անցյալի մասին սիրով է խոսում, սակայն ներկան չի ուզում պատմել, կյանքը լիարժեք էր միայն սիրելիի հետ, խնդիրները միշտ էլ եղել են, սակյան ամենամեծ խնդիրը կիսատ կամ մենակ լինելն է համարում Արտյուշ պապը։
Արժեքները գյուղում
Սա Մեծ Սամսարն է, գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1840֊ականների կառույց է, որն ավիրվել է 1888 երկրաշարժից, իսկ 1902 թվականին բարեկարգել։ Խորհրդային տարիներից հետո վերստին բարեկարգվել է գյուղի բարերների միջոցով, իսկ 2022 թվականի սկզբին քամին քշել է եկեղեցու տանիքը։
Գյուղում բազում խնդիրներ կան, սակայն բնակիչներն առաջնային են համարում եկեղեցու տանիքի վերանորոգումը, շուտով ձմեռ է եւ ձյունը կլցվի ներս ու տանիքը կփլվի։ Գյուղի լիազոր Նասլեթ Հովհաննիսյանը նշում է, որ բարերաները խոստացել են դարձյալ աջակցել, իսկ քաղաքապետարանից ասում են իրենց իրավասությունների մեջ չի մտնում։ Համագյուղացի Գեւորգ Բոզոյանը նշում է, խնդիրներ ամենուր են, սակայն ամենակարևորը սրբատեղին է, եկեղեցին պետք է կանգուն մնա, ակնկալում է, որ սրտացավ մարդիկ կաջակցեն եւ եկեղեցուն այլեւ չի սպառնա փլվելու վտանգը։
Եկեղեցու բակում պատերազմում ընկածների հիշատակին խաչքար է տեղակայված։
Գյուղական էսքիզներ Մեծ Սամսարից
Լեռներից ամպերը դեպի գյուղ են գալիս, մի քանի րոպեից անձրև կսկսվի, իսկ գյուղից մարդիկ ձիերով դեպի լեռներն են գնում։
Քամու ձայնը գնալով սրվում է եւ խոտի դեզից պոկվող կտորները պարելով իջնում են պահմտոցի խաղացող երեխաների ոտքերի տակ։
Բադերը անշտապ զբոսնում են գյուղամիջյան ճանապարհով, քանի որ ցերեկվա ժամերին այդտեղով հազվադեպ են տրանսպորտային միջոցներ անցնում։
Ծառերը աշնան բերքով բեռնված, մի քիչ էլ մոտալուտ ձմռան շնչից սարսափած խոնարհվել են։ Մեղվապահը փեթակների վրա եւս մի ծեր հաստ ծածկոց է փռում եւ նախապատրաստվում տաք տեղ տեղափոխելու։
Անձրևը սկսում է փոքր կաթիլներով մաղվել, իսկ երիտասարդ տղան գյուղ մտած լրագրողներին ամեն կերպ փորձում է տանել եւ ցույց տալ իրենց հին օդան, որը պահպանել են որպես ժառանգություն։ Վերջին մարդը, ում գյուղում հանդիպեցինք դպրոցի ուսուցչուհի էր, սուրճ հյուրասիրեց եւ մինչ մտահոգվում էր, որ այսօրվա սերունդը չի սիրում կարդալ, մենք խնդրեցինք՝ պարզապես երեխաներին սովորեցնել՝ երազանք ունենալ…
Անձրևն ուժեղանում է, փակում ենք մեքենայի դուռը եւ լեռների փեշից սկիզբ առնող նեղլիկ ճանապաիհով ետ վերադառնում…
Նշենք՝ Մեծ Սամսար գյուղում ձմեռը ցրտաշունչ է, գյուղում չկա բնական գազ, ոռոգման ջրի խնդիր կա եւ բերքի իրացման։ Մեծ Սամսարում հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, սակայն եկամտի հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքից են ստանում։ Այստեղ՝ լեռներում կյանքն ավելի դժվար է, մարդիկ բարի, հյուրասեր եւ ներողամիտ։ Արտագնա աշխատանքի շատ են մեկնում, սակայն չեն արտագաղթում, քանի որ վստահ են իրենք են լեռների, գյուղի ու խնդիրների տերը։