Տիրամոր արձանի ուխտի ճանապարհը հասավ Ջավախք

Հոկտեմբերի 31-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղ հասավ Տիրամոր արձանը:  Մեկ շաբաթ շարունակ արձանը ուխտագնացության ճանապարհով անցավ Ջավախքի մի կաթոլիկ գյուղից մյուսը՝ շրջանցելով Հեշտիա, Ուջմանա, Ժդանով, Թորիա գյուղերը Տիրամոր արձանը հասավ Կարտիկամ գյուղ, այնուհետև  Բավրա, Խուլգումո և Տուրցխ  գյուղերը:

«Սա իրականության մեջ բոլոր մեր քրիստոնյա ազգերի համար մեծ պատիվ է։ Ահավասիկ ամեն տարի տոնում ենք  տիրամոր տոնը:  Ուխտագնացություններ միշտ լինում են Ֆաթիմա քաղաքի մեջ և քրիստոնյա աշխարհս և մարդիկ ի վիճակի չէին գնալու և տեսնելու: Հռոմի Պապը որոշեց և ուղարկեց Աստվածամոր արձանը Հայաստան և Վրաստան, որպեսզի պտտվի բոլոր կաթոլիկ գյուղերի մեջ:
Արդեն Հայաստանի սահմանից Վրաստան անցկացրինք և այցելեցինք
Հեշտիա, Ուջմանա, Ժդանով, Թորիա և Ախալքալաքի մունիցիպալիտետի մեջ Կարտիկամ, Բավրա, Խուլգումո, Տուրցխ, Ալաստան եւ Վարևան գյուղեր, այնուհետև Ախալցխա:
Իմ կարծիքով շատ կարևոր է այս քայլը, որպեսզի համախմբվենք և ընդունենք նրա կենդանի վիճակը մեր մեջ», — մեզ հետ զրույցում նշում է Հայր Անտոնը։

Տիրամոր արձանը բերվել էր Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքից և շրջայցը ավարտվելուց հետո կրկին պետք է վերադառնա ետ քաղաք:
Կարտիկամ գյուղի բնակիչների խոսքով սա շատ կարևոր է գյուղացիների համար.

«Այսօր մեր գյուղում մեծ տոն է, ինչպես տեսնում եք մեծ շուքով, մեր բնակչությունը դիմավորեց  տիրամոր արձանին, որը  բերվել է Պորտուգալիայից: Սա մեր ժողովրդի համար մեծ, վեհաշուք  եւ գեղեցիկ օր է, որը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ ունենք հնարավորություն մասնակից լինելու նմանատիպ արարողության»,-նշում է Կարտիկամի բնակիչ Մանվել Օքրոյանը։

Նշենք, որ  Ֆաթիմայի Տիրամոր  պատկերը նախագծել է հայտնի քանդակագործ Ժոզէ Թեդիմին 1947 թվականին: Քույր Լուչիան անձամբ էր հետևում Տիրամոր պատկերի նախագծման  աշխատանքներին: Ավելի ուշ նա խոստովանել է, որ երբեւէ չի տեսել մեկ այլ պատկեր, որն այնքան նման կլիներ Տիրամոր իրական տեսքին:  Տիրամոր արձանը ավելի քան յոթանասուն տարի իր ուխտի ճանապարհն է անցնում ամբողջ աշխարհում, որպես խաղաղության բարեխոս: