«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը Կուլիկամ գյուղում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Կանանց դերը սպորտում» նախաձեռնության շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտների համար, նույն դպրոցի մարզասրահում անցկացվեց վոլեյբոլի խաղ: Յուրաքանչյուր խաղի թիմի կազմի մեջ կային թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ:

Այստեղ տարիներ շարունակ տարբեր մարզական խաղերի ու միջոցառումների կանանց և աղջիկների  պասիվ մասնակցության խնդիր է եղել։ Դրա հիմնական պատճառը առկա գենդերային կարծրատիպերն են և այն կարծիքը, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, և նրանց համար վտանգավոր է սպորտով զբաղվելը:

«Կանանց դերը սպորտում» նախաձեռնության հիմնական նպատակն էր՝ կանանց/աղջիկների ներգրավվածության բարձրացումը սպորտային խաղերում, առկա կարծրատիպերի կոտրումը, նաև այս մրցույթը յուրատեսակ մոտիվացիա և խթան է մյուս աղջիկների համար, քանի որ այս գյուղում արդեն կունենան աղջիկների և տղաների միասին խաղալու, սպորտային մրցույթներին մասնակցության փորձ։ Իսկ լավագույն արդյունքը այն, որ այս գյուղում քիչ թե շատ կվերանա այն կարծրատիպն ու տարածված կարծիքը, թե սպորտն ու խաղերը աղջիկների համար չեն։

«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը մշակել են Կուլիկամի հանրային դպրոցի 9-րդ դասարանի երիտասարդները, մասնավորապես՝ Հովիկ Ղարիբյանը, Անյա Մելքոնյանը, Անդրե Այվազյանը, Օվսաննա Մելքոնյանն ու Հասմիկ Դեմուրչյանը, իրենց մենթորի՝ Գոհար Աղջոյանի հսկողության ներքո «Երիտասարդները  հանուն սոցիալական փոփոխությունների» նախաձեռնության շրջանակում:

«Երիտասարդները  հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից ընդհանուր առմամբ 16 երիտասարդի համար անցկացվեց ինտենսիվ վերապատրաստման դասընթացներ, որի ընթացքում երիտասարդները մասնակցեցին թրեյնինգների, համապատասխան գիտելիքներ ստացան՝ գենդերային հավասարության, կանանց/աղջիկների հզորացման, կարծրատիպերի հաղթահարման հետ կապված, սովորեցին տեղական փոքրամասշտաբ նախաձեռնությունների մշակումը և այժմ իրականացում են դրանք փոքր խմբերով։

«Երիտասարդները  հանուն սոցիալական փոփոխությունների» նախաձեռնությունը իրականացնում է «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնների ցանցը» Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում Վրաստանի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) նախաձերնությամբ և Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագրի խնդիրն է խթանել գենդերային հավասարությունը և փոխել գենդերային խտրական նորմերը՝ մեծացնելով երիտասարդների ներգրավվածությունը սոցիալական փոփոխությունների գործընթացում, նրանց կողմից ղեկավարվող տեղական նախաձեռնությունների և հավասարների մոբիլիզացիայի միջոցով:. Նրա ընդհանուր նպատակն է կրթել, հզորացնել և ներգրավել երիտասարդներին սոցիալական փոփոխությունների երկարաժամկետ գործընթացում: Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի երիտասարդները, ովքեր ընտրվել են մրցույթի արդյունքում, կմասնակցեն «Երիտասարդները հանուն սոցիալական փոփոխությունների» վերապատրաստման ծրագրին՝ տեղական մակարդակում փոքր թիմային նախաձեռնություններ մշակելու համար՝  գենդերային սոցիալական նորմերի փոփոխության  և  գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և խթանելու նպատակով: