Ռուսական հարվածներն ուկրաինական էներգահամակարգին հասցրել են գրեթե 2 մլրդ դոլարի վնաս. Շմիհալ

Ռուսական հրթիռային հարվածներից Ուկրաինայի էներգետիկ համակարգին հասցված վնասը կազմում է ավելի քան 70 մլրդ գրիվնա (մոտ 1,9 մլրդ դոլար)։ Կառավարության նիստում նման գնահատական ​​է տվել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, գրում է meduza.io-ն։

Նրա խոսքով՝ «Ուկրէներգոյի» ցանցերի վերականգնման համար ներկայումս աշխատում է 70 վերանորոգող թիմ՝ հազարից ավելի մասնագետով։ Այդ ընթացքում  ամբողջ երկրում շարունակվում են հոսանքազրկումները: Վարչապետը չի բացառել վթարային անջատումները՝ սկսված սառնամանիքների և քաղաքացիների կողմից էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով։

Ավելի վաղ Շմիհալը հայտարարել էր, որ ռուսական հրթիռակոծությունները խափանել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի գրեթե 50%-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 10-ից պարբերաբար հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Կիևի գնահատականներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակը երկրի էներգետիկ ոլորտին ամենազանգվածային հարվածը հասցրել է նոյեմբերի 15-ին։