Ուկրաինայում գործող բոլոր երեք ատոմակայաններն անջատվել են էներգահամակարգից

Ուկրաինայում գործող բոլոր երեք ատոմակայաններն անջատվել են երկրի էներգետիկ համակարգից։ Դրանցից երկուսը՝ Հարավուկրաինականն ու Ռովնենսկին, գտնվում են վթարային անջատման ռեժիմում, գրում է ՏԱՍՍ-ը։

էներգահամակարգից անջատված են նաև Խմելնիցկի ԱԷԿ-ի էներգաբլոկները: Ամբողջովին հոսանքազրկվել են Լվովն ու Օդեսայի շրջանը։ Հոսանքազրկումներ կան նաև Խարկովի մարզում և երկրի այլ շրջաններում։ Ուկրաինայում խափանումների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել Մոլդովայում։

Նոյեմբերի 23-ի ցերեկը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Լսվել են պայթյուններ Կիևում, Զապորոժիեում, Օդեսայում և Կիևի կողմից վերահսկվող Խերսոնում։

Կիևի և Վիննիցայի շրջանների վարչակազմերը հաստատել են հրթիռային հարվածների պատճառով կրիտիկական ենթակառուցվածքների խափանումները։

Դադարեցվել է աշխատանքը նաև «Դրուժբա» նավթամուղի Ուկրաինայի հատվածում՝ հայտնում է «Տրանսնեֆտը»։ Բելառուսից Ուկրաինա վառելիքի մղումը դեռ շարունակվում է: Ընկերությունը, սակայն, նշել է, որ եթե Կիևը չվերականգնի նավթամուղի աշխատանքը Նովգորոդ-Վոլինսկի-Բրոդի հատվածում, ապա շուտով այդ մղումն էլ կդադարեցվի։