Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։ 

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։