Արցախում պաշտոնատար անձը պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի վնաս է պատճառել

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49 000 000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ հայտնում են Արցախի դատապազությունից: 
 
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021 թ. հարուցվել էր քրեական գործ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ:
 
Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է Արցախի քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49 440 000 դրամ:
 
Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանն հանցակցող անձինք:
 
Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
 
Քրեական գործի դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: