Վրաստանում ուկրաինացի դիվանագետին կանչել են ԱԳՆ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության համար

Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանումների է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովին՝ վրաց-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների համար, հայտնում է տեղական Առաջին ալիքը՝ հղում անելով ԱԳՆ-ին։

Անցած չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը շատ արագ կվերականգնվեն։ Կասյանովն արձագանքել է ելույթին՝ ասելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում իրենց քաղաքացիների տարհանումը Վրաստանից այն դեպքում, եթե վերսկսվեն ուղիղ չվերթերը Ռուսաստանի հետ։

«Դիվանագետին հրավիրել են արտգործնախարարություն՝ իր հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հանդիպմանը նրա հետ երկկողմ հարաբերությունների այլ հարցեր չեն քննարկվի»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Թբիլիսին կողջունի Վրաստանի հետ Ռուսաստանի ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, քանի որ դա  կապ չունի Վրաստան ռուսների հոսքի հետ, իսկ Կասյանովի հայտարարությունը համարել է ամոթալի: