Վրաստանի իշխող ուժը հետ է կանչել բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձած «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Այն երկու օր առաջ առաջին ընթերցմամբ ընդունվել էր վրացական խորհրդարանում և պետք է դեռ ևս երկու լսում անցներ, սակայն հազարավոր վրացիներ երկու օր անընդմեջ դուրս եկան փողոց՝ պնդելով, որ իշխանությունը պայքարում է խոսքի ազատության դեմ ու կրկնօրինակում ռուսական օրենսդրությունը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ։
«Իմ համոզմամաբ օրենքը նպատակ ունի վերահսկելու հասարակական կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում լրատվամիջոցների գործունեությունը եւ այդպիսով վերահսկելի դարձնել Վրաստանում ազատ լրատվամիջոցները եւ ազատ ՀԿ-ները, ինչն էլ ենթադրում է չկարողանալ ունենալ որեւէ ազդեցություն։ Ազդեցիկ կլինեն այն կազմակերպությունները եւ լրատվամիջոցները, որոնք որ բացահայտ իշխանամետ են եւ վարում են իշխանության համար հաճելի քաղաքականություն։
Իմ խորին համոզմամաբ ներկայացվող օրենքի նախագծերի ընդունումը բացասական կանդրադառնա Վրաստանի ժողովրդավար հեղինակությանը եւ Եվրաատլանտիան ինտեգրման գործընթացին։ Քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի եւ ԵՄ կառույցների հորդորներին՝ ուղղված օրենքի նախագծերի չընդունմանը, ես կարծում եմ սա լրջագույն խոչընդոտ է Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, այս օրենքի հաստատումով Վրաստանը հետընթաց կգրանցի ժողովրդավարության առումով։
Մեր կազմակերպությունը, դժբախտաբար, արտասահմանյան եկամուտ չունի, տարբեր կազմակերպությունների դիմելու փորձ ունենք, սակայն ցավոք սրտի մենք դրամաշնորհներ չենք ստացել, չգիտեմ ինչով է սա պայմանավորված, իմ կարծիքով սա եւս ինչ-որ տեղ վերահսկվում է հատուկ ծառայության կողմից, այդ պատճառով չենք ստացել դրմաշնորհներ։ Սակայն հավատացած եմ, որ այս կերպ շատ ազատ կազմակերպությունների գործընթաց կարող է սահմանափակվել։
Իմ խորին համոզմամբ առաջադրված օրինագծերը էական չեն լինի այլեւս, երբ Ուկրաինան կարողանա պատերազմում վերջնական հաղթանակ տանել, գտնում եմ որ փոխկապակցված շատ գործոններ կան, սակայն հուսանք խորհրդարանը վերջնական հաստատումը մերժելու սթափություն կունենա՝ անկախ տարաբնույթ ազդակներից։
Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ նաեւ Վրաստանի ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններին, որտեղ բավականին թույլ են ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները, որոնց գործունեությունը շատ կարեւոր է, ինչպես օրինակ՝ վրաց հասարակության ինտեգրման գործում։ Այս օրենքի ընդունումով ազգային փոքրամասնությունների տեղեկացվածության եւ ինտեգրման մեջ եւս հետընթաց կգրանցվի»,- եզրափակում է Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։