Մարտի 14-ից մինչև մայիսի 3-ը Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ 2023-2024թթ. նոր ուսումնական տարվա համար։ Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են առցանց, հետեւյալ հղումով https://aef.eformsolutions.com/landing/sign-in
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի պետական բուհերում սովորող հայ ուսանողները առկա, վճարովի համակարգում 2023թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ: Ուսանողի ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 100/75 միավոր:
ՀԿՀ-ի կողմից Վրաստանում հովանավորվում են հետևյալ համալսարանները՝
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան,
Իլյայի պետական համալսարան
Սամցխե Ջավախքի պետական համալսարան
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
Կովկասյան համալսարան
Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան։
Նաև այս տարի մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի Տեխնիկական համալսարանի եւ Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի հայ ուսանողները։
Ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշը՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք:
Նշենք, որ հայ կրթական հիմնարկությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում և Արցախում։