Ռուս ուղղափառ եկեղեցին ցանկանում է թեմ ստեղծել Հայաստանում

Ռուս Ուղղափառ Եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել երկրի Արդարադատության նախարարություն՝ պետական ​​գրանցման համար, որը նախատեսվում է իրականացնել մինչև ապրիլի կեսերը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևան-հայաստանյան թեմում։

Թեմի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Աֆրիկայի պատրիարքական նվիրակ միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին: Հայաստանում թեմ ստեղծելու մասին որոշումը կայացրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդը 2021 թվականի հոկտեմբերին։

«Մենք փաստաթղթերը ներկայացրել ենք գրանցման, Հայաստանի օրենքով ընթացակարգը տևում է մինչև մեկ ամիս»,- հայտնել են թեմում։

Միտրոպոլիտ Լեոնիդը մի քանի օր առաջ է այցելել Հայաստան։ Կիրակի նա սուրբ պատարագ է մատուցել Երևանում, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, իսկ երկուշաբթի հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։