Տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Սրա վերջին աղաղակող դրսևորումը, վարչապետի խոսքով, ԼՂ-ի ոստիկանության 3 աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին:

«Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին ԼՂ-ի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:

Հերթական այս միջադեպը տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Կարևոր է արձանագրել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է: ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար:

Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում:

Ինչպես հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև 5 կմ լայնությամբ տարածք, անվտանգության գոտի:

Հետևաբար մարտի 5-ի Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում: Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտին»,- ասաց Փաշինյանը: