Շիրակ Թորոսյանի հայտարարությունը Ազգային ժողովում՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքներին

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արտահայտած մի քանի <<դարակազմիկ>> մտքերին։ Նա ասում է՝ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել իր 29 հզ․կմ քառ․ տարածքում, ուրեմն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ սահմանազատումը պետք է իրականացվի իր պայմաններով, այլապես մեզ սպառնում է պատերազմով, որի մասին ակնարկել էր վերջերս տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների խորհրդաժողովում ունեցած իր ելույթում՝ մեզ մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները իբր խախտելու մեջ, որի համար Հայաստանը պետք է պատժվի։
Ես որպես հայ մարդ, օգտվելով այս բարձր ամբիոնից հանդես գալու իմ հնարավորությունից, ասում եմ․ հանգի՛ստ ապրեք ձեր երկրում։ Առանց այն էլ մենք և շատ շատերը հազիվ ենք հարմարվել վերջին հարյուրամյակներում Կասպից ծովի արևելյան ափերից դեպի արևմտյան ափերը տեղափոխվելու և ձեզ համար նոր վաթան մոգոնելու հակապատմական իրողությանը։ Եվ ինչքան էլ ձեր զիաբունիաթովները աշխարհի աչքերին թոզ փչեն, միևնույն է բոլոր գիտակից մարդիկ վստահ են, որ ոչ իրանական Ատրպատականը, ոչ լեզգիական Դերբենդը և ոչ էլ առավել ևս հայկական Զանգեզուրը ձեր վաթանը չեն։ Մենք 3 հազար տարուց ավելի մեր հողերի և մեր սարերի տերն ենք, և եթե դուք փորձեք ուժով վերցնել մեր հող հայրենին, ապա մենք ատիպված կլինենք կյանքով և արյամբ պաշտպանել մեր հայրենիքը, որովհետև մենք գնալու ուրիշ տեղ չունենք, որովհետև վտանգվում է մեր ապրելու ու արարելու իրավունքը Հայաստանում և Արցախում։
Ճիշտ է՝ մեր մի մասը կզոհվի, բայց կհերոսանա և կանմահանա, իսկ ձեր մեծ մասը կզոհվի օտար հողում, անտեղի և հանուն ոչնչի։ Ես դիմում եմ ադրբեջանցի զինծառայողների ծնողներին, զավակներին և հարազատներին․ դուք դա՞ եք ուզում։
Ձեր զինծառայողը ասկյար է, մեր զինծառայողը՝ զինվոր։ Տարբերությունն այն է, որ ասկյարը մարդ կսպանե, իսկ զինվորը հայրենիք կպաշտպանե։ Ասկյարի մարդասպան լինելու վերջին թարմ վկայությունը Արցախի ոստիկանների դաժան սպանությունն էր։
Եվ հիմա ես կոչ եմ անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ մի՛ սպառնացեք մեզ ուժով, մի՛ հավակնեք մեր հայրենիքին, մի՛ ստիպեք մեզ գնալ գոյաբանական կռվի, դրանից ոչ ոք չի շահելու, բայց դուք հաստատ կորցնելու եք։
Խոսքս ավարտում եմ մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի էքսպրոմտով՝

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ։