Այսօր՝ մարտի 23-ին աշխատանքային այցով Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։ Նրա այցը մեկնարկեց Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցով, որտեղ տեղի ունեցավ ամերիկյան անկյան բացումը։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Դեգնանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Թամարա Օձելաշվիլին։
Բացման արարողությունից հետո Ախալքալաքի տարբեր դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր հղել դեսպանին։
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ախալքալաքում եւ այսօր բացեցինք Ամերիկյան անկյուն Իլիա Ճավճավաձի անվան դպրոցում, սա թվով 17-րդ ամերիկյան անկյունն է Վրաստանում։ Այստեղ աշակերտները, երիտասարդները եւ հասարակության այլ անդամներ, կգան եւ հնարավորություն կունենան սովորել անգլերեն, փոխանակվել կարծիքներով եւ ավելի տեղեկացված լինել ԱՄՆ-ի մասին։ Մենք շատ ուրախ ենք որ հիասքանչ գործընկերներ ունենք այստեղ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Այնուհետև դեսպանը այցելեց ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական գրասենյակի Ախալքալաքյան մասնաճյուղ։ դեսպանին դիմավորեց գրասենյակի պատասխանատու Թեոնա Զուրաբաշվիլին։ Նա դեսպանին ներկայացրեց գրասենյակի կամավորներին և GIPA MEDIA LAB ծրագրի մասնակիցներին։ Երիտասարդները հետաքրքրվեցին Եվրոպական և Հյուսիսատլանտիան հեռանկարով և իրենց հետաքրքրող այլ հարցերով։