Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել

Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներն այսպես կոչված «կաթվածի շաբաթ» են հայտարարել՝ գրում է The Jerusalem Post-ը։ Դա ենթադրում է, որ ամբողջ երկրում բողոքի ցույցերը կշարունակվեն 1 շաբաթ:

Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ ակցիաներ կանցկացվեն բոլոր այն վայրերում, ուր կայցելեն կառավարության անդամներն ու պատգամավորները։

Ցուցարաները պնդում են՝ դատական փոփոխություններ կատարելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Նեթանյահուի կաբինետի պնդմամբ, սակայն, այս փոփոխություններն ավելի ժողովրդավար կդարձնեն Իսրայելը:

Երկրի նախագահ Իցհակ Հերցոգն աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Նա իշխանությունների ծրագրերը «մղձավանջ» է որակել, կոչ արել հրաժարվել օրինագծից՝ խուսափելու քաղաքացիական պատերազմից։ Իսրայելում բողոքի ակցիաները չեն դադարում հունվարից, մարտի կեսերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ փողոց է դուրս եկել շուրջ կես միլիոն մարդ: