Կիևը դաշնակիցներին չի հայտնում առաջիկա հակահարձակման մանրամասները՝ վախենալով արտահոսքից. Politico

Արևմտյան երկրները կորցրել են Ուկրաինայի վստահությունը, այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Եվրոպայում անանուն աղբյուրներին։

Պարբերականի համաձայն՝ ուկրաինական իշխանությունները գաղտնի են պահում իրենց գարնանային հակահարձակման մանրամասները՝ տեղեկատվության հնարավոր արտահոսքի պատճառով, որը կարող է վտանգել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրատարակության հետ հարցազրույցում նշել է, որ հակահարձակման մեկնարկից առաջ տեղեկատվության բացակայությունն անակնկալ չի լինի ամերիկյան կողմի համար։

Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին հայտնի է դարձել ապրիլի 7-ին։ Ըստ NYT-ի՝ մարտի սկզբով թվագրված նյութերը պարունակում են Ուկրաինայի զինված ուժերի վիճակի նկարագրություն, ինչպես նաև տեղեկություններ ուկրաինական բանակն ուժեղացնելու՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են, որ ցանցում կան մոտ հարյուր ԱՄՆ գաղտնի փաստաթղթեր։