Հայտարարություն

Ջավախքի մի քանի հկ-ների վերջերս տարածած հայտարարությունը խորը մտահոգության տեղիք տվեց։ Այն կոչ էր անում Հայաստանի խորհրդարանի խմբակցություններին՝ անվստահություն հայտնել Հայաստանի վարչապետին և կառավարությանը՝ դժգոհություն հայտնելով հայ-ադբեջանական բանակցային գործընթացի զարգացումներից։ Սա նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու միտում ունի, որը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։

Արցախի ու Հայաստանի ապագան առաջին հերթին կախված է իր ժողովրդի և քաղաքացիների ընտրությունից եւ ոչ ոք կողքից իրավունք չունի միջամտելու։
Հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, հարկ ենք համարում մեր տեսակետը հայտնել հայությանը հուզող այս կարեւորագույն հարցերի շուրջ։ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանին չի տրվելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» եւ այն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  միմյանց հետ խիստ շաղկապված են։

Ադրբեջանը 2022 թվականին լայնածավալ ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ, որը հանգեցրեց մեծաքանակ զոհերի եւ տարածքային կորուստների։

Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ եւ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ պլանավորում էր գրավել Սյունիքն ու Սեւանը։
Բնականաբար Հայաստանի ուժերը խիստ անհավասար են թուրք-ադրբեջանականի համեմատ եւ, հաշվի առնելով նաև Հայաստանի դաշնակիցների իներտ պահվածքը, Հայաստանը ստիպված է աջակցություն փնտրել միջազգային գործընկերների շրջանում՝ միջազգային օրենքներին համապատասխան։

Այսօրվա բանակցությունների բուն էությունն այն է,  որ կողմերը վերահաստատեն միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա-աթայի հռչակագրին համահունչ, հակառակ պարագայում կնվազի միջազգային գործընկերների աջակցությունը, և Հայաստանը կմնա անպաշտպան, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Այս բարդ իրավիճակում Հայաստանը ձգտում է միջազգային գործընկերների երաշխավորությամբ պարտավորեցնել Ադրբեջանին ոչ միայն հրաժարվել ՀՀ տարածքների գրավման ծրագրից, այլ նաեւ ուղիղ բանակցությունների նստել Արցախի հետ՝ իրենց հովանու ներքո։
Սա բնականաբար բարձրացնելու է Արցախի սուբյեկտայնությունը եւ արցախահայության անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորությունը։

Իհարկե կասկած չկա, որ Ադրբեջանը կփորձի խախտել այդ հնարավոր պայմանավորվածությունները եւս, սակայն միջազգային երաշխիքների ներքո ձեւավորված պայմանագրերի խախտումները լուրջ հետեւանքներ կունենան Ադրբեջանի համար, ընդհուպ մինչև Կոսովոյի օրինակով Արցախի միջազգային ճանաչման։

Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է, որ դրսից հնչող հայրենասիրական «գեղեցիկ»  կոչերը կապը չկորցնեն իրականության հետ, քանզի  նժարին դրված է Հայաստանի ու Արցախի գոյության ապագան։ Եւ մենք՝ ջավախահայերս, ընդամենը կարող ենք մեր հնարավորությունների չափով շարունակել աջակցել Հայաստանի ու Արցախի ամրապնդման գործին։

 

Սամցխե-Ջավախք Մեդիա Վերլուծություն Կենտրոնի տնօրեն` Էդուարդ Այվազյան


Ջավախք ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության նախագահություն։ Նախագահ՝ Նորիկ Կարապետյան