Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է իր կողմնակիցներին. Այս ընտրությունների հաղթողը Թուրքիան է, հաղթողը՝ մեր ժողովրդավարությունը

Ինչպե՞ս կարելի է չսիրել այս ազգին։ Այս խոսքերով է սկսել Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրի մոտ հավաքված համախոհներին ուղղված իր ելույթը՝ նախագահ վերընտրվելուց հետո։

Էրդողանն ասել է, որ իր համախոհների հետ միասին կառուցելու է Թուրքիայի ապագան։

«Մենք միասին քայլեցինք այս ճանապարհով։ Գիշեր-ցերեկ քայլեցինք, և դու նորից ինձ տվեցիր այս պարտականությունը: Միասին մենք կշարունակենք կառուցել և երիտասարդացնել Թուրքիան։ Այս ընտրությունների հաղթողը Թուրքիան է։ Հաղթողը մեր ժողովրդավարությունն է»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «ահաբեկչական կազմակերպությունները» պարտվել են, իսկ երկրի 85 միլիոն քաղաքացիները հաղթել են։

«Մեր սրտերն ու ձեռքերը դեռ կլինեն երկրաշարժի տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը` նշելով, որ Թուրքիայի ավերված քաղաքների վերակառուցումը շարունակելու է մնալ երկրի գլխավոր առաջնահերթությունը։

Էրդողանը խոսել է գնաճի մասին և նշել, որ գնաճը ներկայումս ամենահրատապ խնդիրն է երկրում, և այդ խնդրի լուծումը դժվար չէ։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։