Երեխաների պաշտպանության միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքում մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Երեխաների համար անցկացվեցին զվարճալի ու հետաքրքիր միջոցառումներ։
Ախալքալաքի կենտրոնական այգին մարդաշատ էր։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհավորեցին հավաքված երեխաներին և նրանց ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Օրվա ընթացքում կենտրոնական այգում կազմակերպվեց
ժամանցային և ուսուցողական միջոցառումներ՝ մանկական համերգ, տիկնիկային թատրոն, ցուցահանդես, նկարչություն գունավոր կավիճներով եւ այլն։

Չխախտելով գեղեցիկ ավանդույթը այս տարի ևս, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հգշ. Տ. Նշան վրդ. Հմայակյանի, Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնական օրվա մեկնարկը տրվեց Արժ. Տ. Նարեկ քհն. Տիգրանյանի օրհնության խոսքով: Այնուհետև Առաջնորդական Փոխանորդության «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Ջավախքի ձայներ» երգչախմբի (ղեկավար՝ Գայանե Աղաջանյան) ու «Զարթոնք» պարի խմբի (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նասլետ Քեյան) սաները հանդես եկան մանկական երգերով և պարերով: Երեխաներին օրվա ընթացքում սպասում էին բազմաթիվ անակնկալներ: Եկեղեցու բակում գտնվող բոլոր մանուկներն Առաջնորդական Փոխանորդության կողմից ստացան փուչիկներ, իսկ Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու այս տարվա խաչի քավոր Մարտին Մուրադյանը հյուրասիրեց պաղպաղակով: Ամբողջ օրվա ընթացքում երեխաների համար կազմակերպեցին բազմաթիվ խաղ-մրցույթներ, ինչպես նաև նրանց դեմքերը գունավորեցին զվարճալի ու գեղեցիկ պատկերներով: Փոքրիկները հնարավորություն ունեցան նաև զբաղվելու կավճանկարչությամբ: Օրն էլ ավելի տոնական ու հիշարժան դարձրեցին բոլորի կողմից շատ սիրված մուլտհերոսները: