Մրցանակների են արժանացել Դիլիսկայի, Օրջայի և Կորխի դպրոցների 24 աշակերտ

Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ 2023 թվականի հունիսի 1-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ մրցույթում հաղթած 24 աշակերտի մրցանակաբաշխությունը։ Պարգևատրման արարողությանը հրավիրված էին Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում պետլիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։ Մրցույթը կազմակերպող ընկերության տնօրեն Նուգզար Ճեիշվիլին հրավիրված հյուրերի հետ միասին մրցանակներ հանձնեց մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներին։ Մասնավորապես, I-V դասարանների աշակերտները ստացան Samsung 7 light, իսկ VI-XII դասարանների աշակերտները՝ Samsung A8 պլանշետներ՝ ընկերության վկայականների հետ միասին։

«Ախալքալաք ՀԷԿ-ի սոցիալական ծրագրի հիմնական ուղղություններն են շրջակա միջավայրի պահպանությունն ու կրթությունը։ Այս մրցույթի միջոցով մենք ուզում էինք ընդգծել, թե որքան կարևոր է մեր Երկիրը և նրա կենսաբազմազանությունը մեզ համար և այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համար, բարձրացնել աշակերտների իրազեկությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Պետք է ասել նաև, որ շատ ենք մտածել մրցանակների մասին, ուզում էինք գնել այնպիսի նվերներ, որոնք նորից ու նորից կապ ունենային կրթության հետ։ Կարծում եմ՝ մենք կատարել ենք այս առաքելությունը, պլանշետը տեխնոլոգիայի դարաշրջանում սահմաններ բացող միջոց է։ Այսօր ամենակարեւորը տեղեկատվության հասանելիությունն է։ Կարծում եմ՝ այս մրցույթը կատարել է իր առաքելությունը, 257 մասնակիցը բավականին բարձր ցուցանիշ է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, առանց նրանց օգնության դժվար կլիներ անցկացնել այս մրցույթը։ Շնորհակալություն յուրաքանչյուր մասնակցի։ Կարծում եմ՝ նման մրցույթները մի տեսակ խթան են անընդհատ աշխատելու ինքդ քեզ վրա և ամեն անգամ բարելավելու արդյունքները»,- ասաց Ախալքալաքի ՀԷԿ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մենեջեր Նինո Թևդորաշվիլին։

Նշենք՝ Երկրի օրվա կապակցությամբ, որն ամեն տարի ապրիլի 22-ին նշվում է աշխարհի 190 երկրներում, Ախալքալաքի ՀԷԿ-ի նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա, Օրջա և Կորխ գյուղերի 4 հանրակրթական դպրոցների աշակերտների համար հաջողությամբ անցկացվեց «Ես և մաքուր միջավայրը» մրցույթը։ 

Մրցույթին մասնակցել են չորս դպրոցի 257 աշակերտ։ Առաջադրանքի թեման, որը կոչվում էր «Ես և մաքուր միջավայրը» բաժանված էր երկու տարիքային կատեգորիայի (I-V և VI-XII դասարաններ):