Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան

Հուլիսի 16-18-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան։
Այցելության առաջին օրը հագեցած էր մշակութային ծրագրով, աշակերտների խումբն այցելեց Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր։ Երեխաները շրջայց ունեցան նաև Լոռու մարզի COAF Սմարթ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին։
Հուլիսի 17-ին աշակերտների խումբը այցելեց Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ վերջիններիս ներկայացվեցին կենտրոնի կրթական ծրագրերը։ Երեխաները եղան նաև «ԱՍԷԴԼ» ընկերությունում, ծանոթացան արտադրամասում աշխատանքային գործընթացի կազմակերպմանը, ինչին հաջորդեց վիրահայ գործարարների հետ հանդիպումը։
Վերջին օրը դպրոցականներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ վերջիններիս դիմավորեց և հետաքրքրող հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նույն օրը խումբը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և շրջայց ունեցավ թանգարան-ինստիտուտում։ Դպրոցականները հյուրընկալվեցին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հանդիպում ունեցան Հայաստանում Վրաստանի հյուպատոս Մամուկա Ջանբազիշվիլիի հետ։ Աշակերտների խմբին ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը։
ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին, որոնք աջակցեցին աշակերտների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։