Օգոստոսի 24-ից 27-ը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» հանգստավայրում տեղի ունեցավ «Երկիր, արվեստ եւ ծով» միջազգային փառատոնը, որին մասնակցեց նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի «Արէ» համույթը եւ գրավեց առաջին հորիզոնական ազգային պարեր անվանակարգում:
Փառատոնին մասնակցում էին համույթներ եւ անհատ կատարողներ Բուլղարիայից, Սլովակիայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից։ Մասնակից խմբերի միջեւ թեժ պայքար էր պրոֆեսիոնալիզմի եւ կատարողական արվեստի միջեւ։ Դժվարին պայքարում «Արէ» համույթը կարողացավ նվաճել մրցանակային առաջին հորիզոնականը։
«Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր էր, քանի որ մրցում էինք 20 տարուց ավելի փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ համույթների հետ։ Դժվար եւ պատասխանատու փառատոն էր նաեւ մեր համույթի սաների համար, մշտապես ունենալով հաղթանակներ, տեսնելով մրցակից խմբերի անցած ուղին մենք պարտավոր էինք ներկայանալ անգամ հնարավորություններից ավելին անելով։
Շնորհակալ եմ իմ սաներին մեր ավանդական հաղթական ուղին շարունակելու համար, նրանց եւ իմ անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում մարդկանց, որոնց ֆինանսական աջակցությամբ հասանք Բուլղարիա, նրանք են Հայկ Մղդեսյանը եւ Մասիս Կուրղինյանը։ Մեր բարերաները 20 հոգուց ավելի երեխաների պարգեւեցին ոչ միայն միջազգային փառատոնում հաղթանակի բերկրանքը վայելելու հնարավորություն, այլ նաեւ անմոռաց օրեր Սեւծովյան լավագույն հանգստավայրում»,- մեզ հետ զրույցում նշում է «Արէ» համույթի պարուսույց Ռադիկ Եզոյանը։
Նշենք՝ «Արէ» համույթը Գումբուրդոյում գործում է 1 տարի եւ այս ընթացքում խումբը հասցրել է մասնակցել մի շարք փառատոնների գրավելով առաջին հորիզոնականներ, ինչպես նաեւ արժանացել է Գրան պրի մրցանակի։ Բուլղարիայում փառատոնային ամբողջ ծախսերը հոգացել էին Գումբուրդո գյուղի բարերաներ Մասիս Կուրղինյանը եւ Հայկ Մղդեսյանը։