Պետք է մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանում ապաստանած Ղարաբաղից տեղահանվածներին. Բույար Օսմանի

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100000 հայերին։

«ԵԱՀԿ գործող նախագահն ի գիտություն ընդունելով հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, այն կարծիքն է հայտնել, որ տեղում միջազգային ներգրավվածության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, անկախ միջազգային դիտորդական առաքելությունը, ըստ նրա, վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրեր»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը նաև Ադրբեջանի պարտավորությունն է, և անընդունելի է համարել  ուժի կիրառումը վեճերը լուծելու հարցում:

Օսմանին հայտնել է, որ աջակցում է քաղաքական գործընթացների շարունակմանը, որոնք ուղղված են երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և նշել, որ ԵԱՀԿ-ն ու նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են նպաստելու տարածաշրջանում արդար, երկարատև, արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու գործընթացին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը՝ այն որակելով միակողմանի և կանխակալ: