Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին, փաստում են՝ Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող մասնագետները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

Ավելի քան 30 000 հայ երեխա է Հայաստան ապաստանել երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում «համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ՝ հենվելով առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական համակարգերի վրա: Սա հավասարապես կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման և անհապաղ աջակցության տեսանկյունից, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացմանը և հետտրավմատիկ սթրեսի հետ»: