Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը:

«Ինչպես գիտեք, վերջին տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում արմատապես փոխվել է: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ճանաչել է Ղարաբաղի տարածաշրջանը որպես ադրբեջանական տարածք, իր դիրքորոշումը վերահաստատել է այս տարվա մայիսին և հուլիսին՝ Բրյուսելի գագաթնաժողովներում: Այդպիսով, այն պայմանները, որոնցում ռուսական խաղաղապահ առաքելությունը 2020 թ. տարածաշրջան էր մտցվել, լուրջ փոփոխություններ կրեցին: Եվ այս տարվա սեպտեմբերի 19-20-ի զինված բախումից հետո բնակչության զանգվածաբար հեռանալու ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կադապտացվի»,- նշել է դիվանագետը:

Զախարովան հիշեցրել է, որ արդեն իսկ խաղաղապահ առաքելության մի շարք դիտակետեր են ապամոնտաժվել: Նրա խոսքով՝ խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվի հետ:

Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցություններ անցկացնելու հնարավորությանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ նման տեղեկության դեպքում հանրությանն այդ մասին կիրազեկեն: