Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ եղբայրական կապերի զարգացմամբ. Լավրով

Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին:

«Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը հարմար հող նախապատրաստելուն։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշ արդյունքների են հասնում։

Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդաբար, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։ Եվ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հստակ նշել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ասել է Լավրովը։