ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով:

Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ 100 632 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա, ապաստան են ստացել Հայաստանում, ինչը նշանակում է, որ այստեղ յուրաքանչյուր 30 մարդուց մեկը նոր ժամանած փախստական է, ընդ որում՝ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանում հաստատվել էր ևս մոտ 35 000 փախստական:

«Նոր ժամանած փախստականները հիմնականում շփոթված են ու անհանգստացած իրենց ապագայի հարցում: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց տների հետ: Նրանք չգիտեն՝ արդյոք կկարողանա՞ն մի օր վերադառնալ: Նրանք չգիտեն՝ արդյոք իրենց երեխաներին հասանելի կլինի՞ կրթությունը: Փախստականներից շատերը գրեթե ոչինչ չեն վերցրել իրենց հետ, և անհապաղ առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունեն, ինչպես՝ ծածկոցներ, անկողնային պարագաներ, դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և ապաստան: Շատերը՝ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, տրավմայի են ենթարկվել և հոգեբանական աջակցության կարիք ունեն: Շատերն անհանգստացած են իրենց բարեկամ ծերերի համար, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել լքել իրենց տունը և իրենց կենդանիներին»,- նշել է Վիսները:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրել նոր ժամանածներին գրանցելու և նրանց աճող կարիքները բավարարելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է իր կառույցի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ փախստականներին՝ միևնույն ժամանակ, նշելով, որ միջազգային հանրության կողմից աջակցությունը շարունակելու կարիք կա: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացվել է «Փախստականների արձագանքման ծրագիր»՝ միջոցների հայթայթումը կազմակերպելու համար: Ծրագրի համաձայն՝ մարդկանց աջակցությունը կազմակերպելու համար միջազգային հանրությունը նախատեսում է հավաքել 97 միլիոն դոլար: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին: