Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումների համար. Շիֆբաուեր


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերը ընդգծել է՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, սակայն չկա իրավական հիմնավորում, որը թույլ է տալիս Ադրբեջանին անտեսել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները:

«Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը: Միջազգային պայմանագրային իրավունքով՝ պետությունները պետք է ենթարկվեն միջազգային դատարանների որոշումներին, որոնց իրավասությունն ընդունել են: Լեռնային Ղարաբաղի հարցով որոշումներ են կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանը: Եվ սրանք պարտադիր են Ադրբեջանի համար: Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկեր Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Սակայն Ադրբեջանը չի երաշխավորել և ապահովել ո՛չ ապրանքների մատակարարումը, ո՛չ էլ Հայաստանից ԼՂ մարդկանց անցումը։ Դատարանի այս որոշումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին։

Բացի դրանից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան սահմանում է որոշակի իրավունքներ, իսկ Ադրբեջանը այս պայմանագրի կողմ է: Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պաշտպանված են նաև միջազգային մարդասիրական իրավունքով»,- նշել է պրոֆեսորը:

Շիֆբաուերի խոսքով՝ Ադրբեջանը, արգելափակելով Լաչինի միջանցքը, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: «Նաև առնվազն չի կարելի բացառել, որ որոշ ադրբեջանցիներ ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,- նշել է Շիֆբաուերը, հավելել՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Պրոֆեսոր Շիֆբաուերը հայտարարել է, թե, իբր, ԼՂ հայերի դեմ ցեղասպանություն չի իրագործվել, քանի որ, նրա խոսքով՝ հայերին, իբր, հնարավորություն է ընձեռվել հեռանալու Լաչինի միջանցքով, ինչպես նաև նրանց նկատմամբ անմիջական ֆիզիկական բռնություն չի գործադրվել: Այնինչ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի երկրորդ հոդվածի Գ կետը սահմանում է, որ ցեղասպանություն է համարվում որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: