Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը. Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում իր ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ կատարել Լեռնային Ղարաբաղում և կյանքի է կոչել այդ նպատակը:

«Այն, ինչ ինձ զարմացնում է այս քննարկման մեջ, մեր ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանն է, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը Երկրի վրա բազմամշակութային դրախտ է: Նկատեցի՞ք որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 000 հայի ճակատագրի մասին, չխոսեց նրանց պահանջների մասին, ցավակցություն չհայտնեց մահացածների համար, ափսոսանք չհայտնեց նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը հենց եղել է հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,- նշել է Ռուբինյանը:

Նա անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորներից մեկի ելույթին, նշել, որ նույնիսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ մի ամբողջ բնակչության էթնիկ զտում իրականացնելուց հետո նրանք գալիս են ԵԽԽՎ և Հայաստանը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»:

«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թ. պատերազմը, վերջին էթնիկ զտումը, այս բոլոր իրրեդենտիստական խոսակցությունները Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջներով, Հայաստանի սահմանները չճանաչելը և Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը: Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար, և այդ ռեժիմը պետք է պատժվի օրենքով: Հայաստանը միջազգային հանրությունից աջակցություն է ակնկալում»,- նշել է Ռուբինյանը, հավելել՝ սա միայն Հայաստանի խնդիրը չէ: