Գազայում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 2500-ը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման թիրախներին: Շարժումն էլ հայտնում է, որ թիրախավորում են Իսրայելի տարածքները:

Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին: Զոհերի և վիրավորների թիվը մեծանում է: Լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր ոչնչացվել է Իսրայելի տարածք ներխուժած առնվազն հազար պաղեստինցի զինյալ:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ Գազայի հատվածում զոհվել է 1200-ից ավելի մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի 11 աշխատակից, ավելի քան 5600 մարդ վիրավորվել է։ Իսրայելական կողմը ևս հայտնում է 1300-ից ավելի զոհի մասին, զոհված զինվորականների թիվը հատել է 200-ը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելում բանակցություններ են ընթանում պաղեստինցի խաղաղ բնակիչներին Գազայի հատվածից տարհանելու համար: Որպես հիմնական ուղղություն է դիտարկվում Եգիպտոսը, սակայն դեռ պարզ չէ՝ կհամաձայնի՞ արդյոք Եգիպտոսն այդ նախաձեռնությանը, թե ոչ: Մինչ այդ ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 330 000-ը: