Իսրայելը կոչ է արել Գազայի բնակիչներին հեռանալ տարածքի հյուսիսային հատվածից

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Գազայի հատվածի քաղաքացիներին լքել իրենց բնակավայրերը կամ տեղափոխվել հատվածի հարավային մասը, հանուն իրենց ընտանիքների անվտանգության։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է նախապատրաստում և արդեն տանկային ստորաբաժանումներ է կենտրոնացրել Գազայի հետ սահմանին, որտեղ ներկայումս բնակվում է ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչ։

ՀԱՄԱՍ-ն էլ իր հերթին Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին կոչ է արել անտեսել հարավ տեղափոխվելու Իսրայելի կոչերը, մնալ տանը և հաստատակամություն ցուցաբերել Իսրայելի իշխանությունների կողմից մղվող հոգեբանական պատերազմին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, Իսրայելի իշխանությունները համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են, որ 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հարավ պետք է տարհանվի 1,1 միլիոն պաղեստինցի։

Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ը կոչ է անում չեղարկել ցանկացած նման հրաման՝ ողբերգությունը «աղետալի իրավիճակի» վերածելուց խուսափելու համար:

«ՄԱԿ-ը հնարավոր է համարում, որ նման տեղահանումը կունենա մարդասիրական կործանարար հետևանքներ»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ: