Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը Բաքվում:

«Բաքվում հայ խաղաղ քաղաքացիական անձ, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ ընթանում է շինծու «դատավարություն»՝ ցանկացած նորմերի լիակատար անտեսումով:

ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է ապօրինի անցակետում, երբ սրտի վիրահատության համար ԿԽՄԿ պաշտպանության ներքո  նրան տեղափոխում էին Հայաստան:

Կատարելով ապօրինի առևանգում, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, Ադրբեջանն այժմ հրապարակում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութեր ու լուսանկարներ:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու ինստիտուտների պահանջին համապատասխան՝ Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը: