Պուտինը՝ ԼՂ-ում խաղաղապահների գործունեության և Հայաստան այցելելու հավանականության մասին


Բիշքեկի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային  Ղարաբաղի խնդրին և մեկ անգամ ևս հայտարարել է. «Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ այն ​​բանից հետո, երբ անցած տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն այն ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք՝ դրանով արմատապես փոխելով Ղարաբաղի կարգավիճակը»։

«ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը բաղկացած էր միայն մեկ բանից՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումից: Եվ երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարզվեց, որ մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այժմ, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը կարծիք է հայտնել, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում պետք է մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր։ «Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության միջոցով պետք է լուծենք այն հարցը, թե ինչ ենք անելու մոտ ապագայում: Բայց դա կորոշենք բանակցությունների ժամանակ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նաև անդրադարձել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հարաբերություններին: «Երբ իրավիճակը բնականոն հուն մտնի, կամ ես կայցելեմ նրան, կամ ինքը կգա այստեղ: Մենք ունենք արդեն ձևավորված աշխատանքային գրաֆիկ»: Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ և ՀՀ ԱԳՆ և տնտեսական բլոկի գերատեսչություններն աշխատում են անդադար: