Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից. Պուտին


Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել է. «Ես և վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ենք ունեցել և, ի թիվս այլ հարցերի, խոսել ենք այսօրվա գագաթնաժողովի մասին: Մենք բոլորս չափահաս մարդիկ ենք, հասկանում ենք, որ Հայաստանում տեղի է ունենում Ղարաբաղի հայերի ողբերգություն, և հիմա ուղևորությունների ժամանակը չէ»: Այսպես է Պուտինը մեկնաբանել Փաշինյանի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովին: Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Հայաստանը չի հեռանա ԱՊՀ-ից: «Այնտեղ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ես լիովին ըմբռնելի եմ համարում: Հիմա մանրամասներ չեմ հայտնի, լավ կլինի՝ այդ մասին վարչապետ Փաշինյանին հարցնեք: Բայց որքան ես եմ հասկացել՝ Հայաստանը չի հեռանում ԱՊՀ-ից»,- ասել է Պուտինը: 

Նա միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցությունների վերսկսմանը, և բոլոր գործընկերներին հրավիրել են հավաքվել Մոսկվայում: «Վարչապետ Փաշինյանը գիտի այդ մասին, Ադրբեջանի նախագահը՝ նույնպես»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է. «Երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ կապված զուտ տեխնիկական խնդիրներ կան: Երկու կողմերի բարի կամքի դեպքում այդ ամենը կարելի է լուծել և անել  հաջորդ քայլերը, ինչպես ժամանակին պայմանավորվել էինք՝ զարգացնել առևտրատնտեսական կապերը և զարգացնել ենթակառուցվածքային նախագծեր»։