Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի թիվն անցել է 3500-ը


Իսրայելական կողմը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, ոչնչացրել տասնյակ զինյալների՝ հայտնել է Իսրայելի բանակը։

Fox News-ի տվյալով էլ՝ իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված՝ տեղային գործողություններ իրականացնելու համար։ Լարված է իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանին: Կողմերը հաղորդում են փոխադարձ հարվածների մասին:

Նշվում է, որ իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման դիրքերին այն բանից հետո, երբ Իսրայելի տարածք անհայտ օբյեկտներ են ներթափանցել: Հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը ժամառժամ աճում է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մոտ 2000, վիրավորվել ավելի քան 7600 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։

Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը։ Իսրայելի բանակի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 120 խաղաղ բնակչի։

Շարժման ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Իսրայելի հարվածների պատճառով 10-ից ավելի գերի է զոհվել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ: