Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը վնասազերծվել է

Բրյուսելում հրաձգություն է եղել, կա 2 զոհ: Անցորդները Շվեդիայի քաղաքացիներ են եղել, նրանք կրել են Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստ: Ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցածի պատճառով Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը դադարեցվել է: Բրյուսելի կենտրոնում անցորդների վրա հարձակված անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է` «Իսլամական պետություն» խմբավորումից է, պատրաստ է սպանել և սպանվել հանուն մուսուլմանների:

Լրատվամիջոցները հայտնում են, որ 45-ամյա կասկածյալը վնասազերծվել է Բրյուսելի սրճարաններից մեկում: Բելգիայի իշխանությունը նրա գործողություններն ահաբեկչություն է որակել, սակայն հերքել է կապը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ։ Վարկածներից մեկի համաձայն՝ տղամարդը հարձակվել է Շվեդիայից քաղաքացիների վրա՝ Ստոկհոլմում Ղուրանի այրման դեպքերի պատճառով։

Լրատվամիջոցները գրում են, որ Միլանում էլ Ղուրանը ձեռքին տղամարդը հարձակվել է անցորդների վրա և գոչել «Ալլահու աքբար»: Օրերս Ֆրանսիայի Արաս կոմունայում էլ դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ուսուցիչներից մեկը: Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ տեղի ունեցածը կապ ունի Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետ: Ավելի ուշ հաղորդումներ են ստացվել Լուվրում և Վերսալի պալատում ռումբերի առկայության մասին: