ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա


Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ձեզ Ստրասբուրգում հյուընկալելը նշանակում է, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և Դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Եվրոպական հարևանությունը հիմա ավելի քան երբևէ անկայուն է և անապահով: Պատերազմ, հակամարտություն և անկայունություն՝ այդպիսին է մեզ շրջապատող իրականությունը:

Հավաստիացնում եմ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում: Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը»,- ՀՀ վարչապետի հետ ճեպազրույցում հայտարարել է Մեցոլան:

Նա հիշեցրել է, որ վերջերս Եվրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը դատապարտող բանաձև է ընդունել, և հավելել, որ ժամանակն է անցնել ազնիվ և արդար խաղաղության շուրջ բանակցությունների վերսկսմանը: Նա կոչ է արել հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

«Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հիմքում ունենալով երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին այս իրավիճակը հաղթահարելու գործում»,- նշել է Մեցոլան, հավելել, որ աջակցություն կհատկացվի ԼՂ-ից Հայաստան եկած բռնի տեղահանվածների կարիքների համար:

«Մենք ամբողջովին հանձնառու ենք՝ աջակցելու երկխոսությանը բոլոր կողմերի միջև Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ հանուն տարածաշրջանի բոլոր մարդկանց համար տևական խաղաղություն ապահովելու»,- նշել է Եվրախորհրդարանի ղեկավարը:

Մեցոլան նաև բարձր է գնահատել ՀՀ վարչապետի կողմից ժողովրդարամետ ուղիով ընթանալը: «Աջակցում ենք ձեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, երկկողմ հարաբերությունների սերտացմանը և ավելի սերտ համագործակցությանը Եվրոպական Միության հետ»,- եզրափակել է պաշտոնյան: