Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։

Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։

«Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ:

Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։