Իսրայելը անհրաժեշտության դեպքում պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»

Իսրայելի բանակը և ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել: Իսրայելի ԶՈւ խոսնակը հայտարարել է, որ շարունակում են հիմնական ջանքերը կենտրոնացնել Գազայի հատվածի ուղղությամբ, զինադադարի մասին խոսք չկա: Նրա խոսքով՝ Իսրայելը բարձրացնում է զորքերի պատրաստվածության մակարդակը:

Նշվում է, որ Իսրայելը լրջորեն հետևում է նաև Լիբանանի հետ սահմանին և անհրաժեշտության դեպքում մեծ ուժով պատասխան հարվածներ կհասցնի «Հեզբոլլահին»: Մինչ այդ լրատվամիջոցները գրում են, որ «Հեզբոլլահը» իսրայելական օբյեկտներ է թիրախավորել: Իսրայելի կողմից էլ Լիբանանի հարավային տարածքների թիրախավորման հետևանքով կան զոհեր, վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ: Լիբանանում Իսրայելի հետ սահմանակից հարավային շրջաններից մի շարք բնակիչներ հեռանում են ավելի անվտանգ շրջաններ։

Հակամարտության սրման պատճառով զոհերի թիվը ժամառժամ աճում է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000, վիրավորվել 12 000-ից ավելի մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ։ Իսրայելը հայտնում է 1500-ից ավելի զոհի մասին։ ՀԱՄԱՍ-ը տասնյակ խաղաղ բնակիչների է գերեվարել, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների: