«Հըզբոլլահն» Իսրայելի դեմ «ցասման օր» է հայտարարել Գազայի հիվանդանոցի վրա հարձակման պատճառով

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ չորեքշաբթի «ցասման օր» կանցկացնի Իսրայելի դեմ, հայտնում է The Times of Israel-ը։

Խմբավորումը բացատրել է, որ Իսրայելին պատասխանատու է համարում Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման համար, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել: Իսրայելն էլ պնդում է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռից:

Մինչ Իսրայելը պատրաստվում է ցամաքային հարձակման ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը նախազգուշացրել է, որ հարևան երկրները չեն ընդունի պաղեստինցի փախստականներին, որոնք, ամենայն հավանականությամբ, փախուստի կդիմեն այդ գործողության պատճառով:

«Այլևս ոչ մի փախստական՝ Հորդանանում կամ Եգիպտոսում: Այս հումանիտար իրավիճակը պետք է լուծվի Գազայի և Արևմտյան ափի ներսում, այլ ոչ թե փորձել պաղեստինյան խնդիրները դնել ուրիշների ուսերին»,- հայտարարել է Հորդանանի թագավորը:

Իր հերթին ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տունը, հայտնում են, որ Մերձավոր Արևելք մեկնող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է իր այցը Հորդանան։

«Նախագահը հույս ունի ավելի ուշ անձամբ բանակցություններ վարել բոլոր երեք առաջնորդների հետ, իսկ առաջիկա օրերին կապ կպահպանի նրանց հետ»,- նշել են ԱՄՆ նախագահի աշխատակազմում։