Պաղեստինը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման կապակցությամբ

Պաղեստինը հանդես է գալիս միջազգային մակարդակով Գազայի հատվածի հիվանդանոցի գնդակոծման հարցով հետաքննություն սկսելու օգտին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

Իսրայելն էլ որոշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին տրամադրել տվյալներ, այդ թվում՝ տարբեր տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ երկիրը չի մասնակցել Գազայի հիվանդանոցի վրա հարձակմանը, ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

Թել Ավիվ ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել է դեպքի վերաբերյալ Վաշինգտոնի տեսակետը, ըստ որի, Իսրայելը պատասխանատու չէ Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման համար, ինչի հետևանքով զոհվել է 800-ից ավելի մարդ:

Բայդենը նաև հավաստիացրել է Իսրայելին ԱՄՆ-ի  շարունակական աջակցությունը, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։