Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի քննարկումը. Օքթայ

Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի քննարկումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ընդամենը մեկն է այն միջազգային պայմանագրերից, որոնք Թուրքիան նախատեսում է վավերացնել։

«Մենք դա կքննարկենք, երբ ժամանակը գա… մեր իսկ առաջնահերթությունների շրջանակում… Այն, ինչ հրատապ է ուրիշների համար, պարտադիր չէ, որ մեզ համար էլ հրատապ լինի»,- հավելել է Օքթայը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատման դեպքում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը քվեարկության կդրվի խորհրդարանում։ Եթե ​​պատգամավորներն աջակցեն նախաձեռնությանը, վավերացման վերջնական քայլը կլինի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությունը։