ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նոր թեկնածուն կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի տեղակալի պաշտոնում առաջադրել է Քուրտ Քեմփբելի թեկնածությունը, որը 2021 թվականից Ազգային անվտանգության խորհրդում զբաղեցնում է նախագահի օգնականի տեղակալի և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հարցերով համակարգողի պաշտոնը:

Նա նախկինում եղել է Asia Group ռազմավարական խորհրդատվություն և կապիտալի կառավարման հարցերով ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: 2009-2013 թվականներին զբաղեցրել է Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնը:

Ի թիվս այլ պաշտոնների՝ Քեմփբելը եղել է նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի տեղակալ, գանձապետարանում եղել է Սպիտակ տան գիտաշխատող և Քլինթոնի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդի ժողովրդավարության բաժնի տնօրեն:

Քեմփբելը բակալավրի աստիճան է ստացել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում, միջազգային հարաբերությունների դոկտորի կոչում՝ Օքսֆորդի Բրայզենոզ քոլեջում:

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի թեկնածուն երաժշտության և քաղաքական փիլիսոփայության վկայական է ստացել Խորհրդային Հայաստանի Երևանի համալսարանից: Նա ապրել է Երևանում մեկուկես տարի: