Հորդանանը Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կհամարի պատերազմի հայտարարում իրեն. վարչապետ Բիշեր ալ-Հասաունա

Պաղեստինցիներին Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից հեռացնելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է: Այդ մասին հայտարարել է Թագավորության վարչապետ Բիշեր ալ-Հասաունան, հաղորդում է Al Mamlaka հեռուստաընկերությունը։

«Հորդանանի կառավարությունը պաղեստինցիների վտարումն իրենց տարածքներից կհամարի պատերազմի հայտարարում իրեն: Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սրմանն արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են»,- ընդգծել է նա:

Վարչապետի խոսքով՝ «պաղեստինյան անկլավում հանցավոր ռազմական գործողությունների շարունակումը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»։

«Պետք է վերջ դրվի Իսրայելին անձեռնմխելիության և պաշտպանության տրամադրումը, որը նրան թույլ է տալիս սպանել պաղեստինցի խաղաղ բնակիչներին»,- հավելել է Հորդանանի վարչապետը: